Image
   
               

ԿՈՄՊՈԶԻՏՈՐԸ ՈՐՊԵՍ ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴԻՉ

ինչպես երաժշտականորեն կազմակերպել ժամանակը

Նոյեմբեր 13, 2024

Կարլհայնց Շտոկհաուզենը (1928-2007) ասում էր, որ ժամանել է Սիրիուս աստղից: Շատերը ժպտում էին ու մտածում, որ կոմպոզիտորը ցնորհքի մեջ է… Ամեն դեպքում, Շտոկհաուզենը փառահեղ 20-րդ դարի «ամենատիեզերական» կոմպոզիտորն է: Նա միշտ դիտարկել է ինքն իրեն և առհասարակ կոմպոզիտորի կերպարը որպես թարգմանիչ, ռադիոհաղորդիչ, ում առաջադրանքն է բռնել տիեզերական ազդակները և թարգմանել դրանք մարդկային ականջների համար: Աստղերը նրա հիմնական ներշնչանքն էին: Բացի այդ, շատ տարված էր միստիկների տեքստերով և աստրոֆիզիկայի տեսություններով: Իսկ առավել առանձնահատուկ կերպով հետաքրքրված էր ժամանակի ցիկլերով ու ժամանակ երևույթի խորհրդով: 1970-ականներին Շտոկհաուզենը գրում է մեղեդիներ շարք բոլոր 12 կենդանակերպի նշանների, հետևաբար՝ բոլոր ամիսների համար: Դրան հետևում է ՍԻՐԻՈՒՍ կանտատը, որում երգվում է տարվա ժամանակների հավերժ վերադարձը: Ավելի ուշ՝ մեծածավալ ԼՈՒՅՍ (Licht) երաժշտաթատերական ցիկլը, կառուցված ըստ շաբաթվա յոթ օրերի: Եվ որպես վերջին ու անավարտ գործ՝ օրվա 24 ժամերին նվիրված ՀՆՉՅՈՒՆ (Klang) ցիկլը: Պատրաստրվում էր գրել նաև մի ցիկլ, որտեղ ամեն մասը կհամապատասխաներ 60 րոպեներին և 60 վարկյաններին…

Իր ՀՆՉՅՈՒՆ ցիկլով Շտոկհաուզենը նպատակ ուներ երաժշտականորեն պատկերել օրվա յուրաքանչյուր ժամը, ավելին՝ հասկանալ, թե ո՞րն է ամեն մի ժամի յուրահատկությունը, ինչո՞վ է այն տարբերվում այլ ժամերից՝ ֆիզիկական և հոգևոր ընկալման առումով: Ամեն մի ժամի էությունը հասկանալու համար, իր կարծիքով անհրաժեշտ էր զգայարանների և գիտակցության սրացում: Մի զրույցում Շտոկհաուզենը ասում է.՝ «[…] փաստորեն, իմ գործում կլինի ժամը 3-ի և ժամը 17:00-ի երաժշտություն: Գաղափարս է՝ ստեղծել մի մեծ լսարան, որտեղ մարդիկ, կարծես թանգարանում, մտնեն տարբեր սրահներ ու միաժամանակ լսեն տարբեր երաժշտություններ: Իմ տպավորությունն էր, որ շաբաթվա յոթ օրերը մարդկանց համար գրեթե ոչ մի կոնկրետ նշանակություն չունեն: [Արևմտյան երկրներում (Շ.Հ.)]: Բայց դա շատ տարօրինակ է, որովհետև երբ ԼՈՒՅՍ ցիկլի վրա էի աշխատում, բացահայտեցի որ բոլոր մշակույթներում շատ բարձր գիտակցություն կա ամեն մի օրվա մասին, որը վերաբերում է թե´ վարվելակերպին, թե´ հանդերձներին և թե առհասարակ ապրելաոճին: Բայց օրվա առանձին ժամերի հանդեպ մարդիկ զգայուն չեն: Օրինակ, ո՞վ կմտածի գիշերվա ժամը 1:00-ի զգացմունքային նշանակության մասին: Սա թեմաներ են, որոնց ես աստիճանաբար մոտենում եմ: Ապրելով այստեղ, անտառում, չէ որ ես լսում եմ տարբեր ժամերի հնչյունները: Ոչ միայն աստղերի, այլև թռչունների, կենդանիների, ցավոք՝ նաև ինքնաթիռների: Ու նկատում եմ, որ ամեն ժամին իմ մարմինը փոխվում է: Տարբեր ժամերի տարբեր օրգաններ են ակտիվանում: Այն փաստը, որ մարդու ֆիզիկական և հոգեկան տրամադրվածությունը տարբեր ժամերի փոխվում է, հիմա է՝ որ բացահայտում եմ»:1

Այս թեմայի շուրջ իր գիտելիքները հարստացնելու նպատակով Շտոկհաուզենը սկսեց ուսումնասիրել առաջին հերթին քրիստոնեական ժամերգությունների ավանդույթը՝ որպես ամբողջ օրվա, ամբողջ տարվա երաժշտական կազմակերպում ըստ եկեղեցական օրացույցի:

Մեկ այլ հիմնակետ Շտոկհաուզենի համար դարձավ չինական բժշկությունը, ըստ որի տարբեր ժամերին օրգանիզմի տարբեր մասերը առավել կամ պակաս են սնուցվում կենսական էներգիայով, հետևաբար պատահական չէ, որ որոշակի խախտումների դեպքում ցավերը կրկնվում են ամեն օր՝ նույն ժամին, կամ որոշակի դեղամիջոցներ ավել կամ պակաս արդյունավետություն են ունենում ըստ օրվա ժամի:

Տարբեր երաժշտական մշակույթներում արտահայտվում է տարբերակված գիտակցություն օրվա ժամերի վերաբերյալ: Մերօրյա արևմտյան երաժշտությունը դարձել է բացառապես «համերգային» երաժշտություն, հետևաբար ուղղված է աշխատանքային առօրյայով ապրող մարդու հանգիստը, ժամանցը և հաճույքն ապահովելուն, ու որպես կանոն, կատարվում է երեկոյան ժամերին: (Հիշենք հին հույներին, ովքեր թատրոն էին գնում ու ողբերգություն դիտում արևածագին): Այն կորցրել է իր «ֆունկցիոնալ» նշանակությունը, որը հատուկ է ավանդական մշակույթներին: Երաժշտության արևմտյան կիրառությունից հատկապես երևելի կերպով է տարբերվում, օրինակ հնդկական երաժշտական մշակույթը, որում ընդունված է օրվա յուրաքանչյուր ժամի համար տարբեր տեսակի ռագա նախատեսել, որպես հիմք ընդունելով մարդու զգացմունքային աշխարհի և ընկալման առանձնահատկությունների փոփոխությունները օրվա ընթացքում: Հնդկական նվագացանկում կան ռագաներ արևածագի համար, ռագաներ կեսօրի, ուշ հետկեսօրյայի, մթնշաղի, երեկոյի և ուշ գիշերի համար: Հնդիկ երաժշտի համար անպատկերացնելի է օրինակ, կատարել Ռագա Փուրավին կամ Ռագա Մարավան վաղ առավոտյան, կամ հակառակը՝ Ռագա Լալիթան (արևածագի ռագան)՝ հետկեսօրյային: Քանի որ, եթե կատարվի ոչ պատշաճ ժամի, ռագան չի կարողանա բարերար ազդեցություն ունենալ ունկնդրի վրա:

Էթնոերաժշտագետ Ալեն Դանիլուն գրում է.՝ «Օրվա ցիկլը համապատասխանում է կյանքի ցիկլին՝ ունի իր արևածագը, կեսօրը, երեկոն: Ամեն մի ժամը կերպարանավորում է կյանքի զարգացման մի նոր շրջան և կապվում է որոշակի մի զգացմունքի հետ: Հնչյունի ցիկլը ղեկավարվում է նույն օրենքներով, որոնցեվ որ կյանքի մնացած բոլոր ցիկլերը: Ահա թե ինչու որոշ երաժշտական ձայնաշարեր բնականորեն ստեղծում են որոշակի տրամադրություն և կապվում օրվա ժամի հետ: Հնդիկ երաժշտի համար առավոտյան ռագան նվագել երեկոյան նմանվում է մի իրադրության, որում եվրոպացի երաժիշտը սգո քայլերգ կնվագեր հարսանեկան ծեսի ժամանակ, ինչը, մեղմ ասած, կդիտարկվեր որպես ճաշակի լիակատար բացակայություն»:2

Որքան էլ որ հնդկական կամ այլ ավանդական երաժշտական մշակույթներում ամրապդնված է ժամանակի ցիկլերի և երաժշտության կապի զգացողությունը, այնուամենայնիվ, նույնիսկ այնտեղ դժվար թե հնարավոր գտնել ռագա կամ մուղամ՝ հատուկ ժամը 18:00-ի, կամ գիշերվա ժամը 4:00-ի համար: Ամբողջ օրը սեփական կոմպոզիցիոն մտածելակերպին ենթարկելու՝ Շտոկհաուզենի այս մղումը գալիս է ոչ միայն արևելյան փիլիսոփայությունների հանդեպ իր հետաքրքրությունից, այլև իր սերիալ մտածելակերպից, այն է՝ ցանկացած երաժշտական ձևի կամ կյանքի ֆենոմենի համար ստեղծել մի ֆորմալ կառուցվածք, և բոլոր բնական պրոցեսները ենթարկել բանական օրինաչափության: Հենց այս տրամաբանության մեջ էլ գրված է ՀՆՉՅՈՒՆ ցիկլը, որի 14-րդ «ժամը»՝ ՀԱՎՈՆԱՆ, կհնչի նոյեմբերի14-ին Նիքոլաս Այշերվուդի կատարմամբ: ՀԱՎՈՆԱՅԻ հումորիստիկ տեքստը գրել է անձամբ Շտոկհաուզենը, ներշնչված «Ուրանտիա» գրքով:

Տիեզերական պատկերացումներով է ներշնչված նաև հաջորդ գործը՝ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ-ը, որը Շտոկհաուզենը գրել է հատուկ Նիքոլաս Այշերվուդի ձայնի համար: Այն մասն է կազմում «Սիրիուս» կանտատի, հիմնված ավստրիացի հոգևորական Յակոբ Լորբերի տեքստի վրա: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ-ը թե´ երաժշտականորեն, թե´ բեմական կերպարի առումով կերպարանավորում է հյուսիսի սկզբունքը՝ սառնությունը, ձմեռը, սպիտակը, ծերությունը: Այտեղ լսվում է անձամբ Շտոկհաուզենի դաշնամուրային նվագի ձայնագրությունը, բացի այդ՝ չորս տիեզերանավերի մեկնումը Երկիր մոլորակից: Մի ձայնային էֆեկտ, որը Շտոկհաուզենը ստացել է, փակցնելով միկրոֆոնները պտտվող սկավառակին ձայնագրման ստուդիայում:

Կատարման կոստյումը ստեղծել է անձամբ Նիքոլաս Այշերվուդը, և այն մեկն է այն երեք պատմական կոստյումներից, որոնցով երգիչը կատարել է ստեղծագործությունը տարիներ շարունակ:

Շուշան Հյուսնունց, 12 նոյեմբերի 2024

Աղբյուրներ.՝

nicholasisherwood.com;

Alain Daniélou, The Rāga-s of Northern Indian Music, London 1968

Leopoldo Siano, Karlheinz Stockhausens letzter Kompositionszyklus: Klang. Die 24 Stunden des Tages Volume 19 di Signale aus Köln, Verlag Der Apfel, 2013.

https://www.stockhausen-verlag.com/

1Չհրապարակված ձեռագիր՝ Շտոկհաուզեն արխիվ , էջ 15:

2Տե´ս Alain Daniélou, The Rāga-s of Northern Indian Music, London 1968, p. 91-96:

Տարածել հետևյալ հարթակներում