Image

«Առնո Բաբաջանյան» համերգասրահ



Երևանի Աբովյան 2 հասցեում գտնվող շենքը, որտեղ 1930 թվականից գործում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան՝ կառուցվել է 1900-1919 թվականներին, ճարտարապետ Վ. Օ. Սիմոնսոնի նախագծով: 1953, 1961, 1977 թվականներին շենքը վերակառուցվել է ճարտարապետներ Մ. Գրիգորյանի և Է. Սրապյանի կողմից: Շուրջ մեկդարյա պատմության ընթացքում այստեղ գործել են Հայաստանի առաջին հանրապետության Ազգային ժողովը, Հանրային գրադարանը, Երևանի մշակույթի տունը և այլն:

Համերգասրահում ելույթ են ունեցել համաշխարհային երաժշտարվեստի այնպիսի նշանավոր ներկայացուցիչներ, ինչպիսիք են՝ Էգոն Պետրին, Սվյատոսլավ Ռիխտերը, Դավիդ Օյստրախը, Էդդի Ռոզները, Զառա Դոլուխանովան, Պավել Լիսիցյանը, Լիլի Չուքասզյանը, Լիլի Ամարան: Երևանյան հանդիսատեսը այս դահլիճում է ծանոթացել նորաստեղծ Կոմիտասի անվան ազգային քառյակի և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարումներին:

Այս դահլիճում են անցկացվել Ալեքսանդր Սպենդիարյանի հեղինակային երեկոները, Կոնստանտին Սարաջևի «Բեթհովենյան ցիկլը», Վիլլի Ֆեռերոյի համերգներն ու բաց փորձերը: Այստեղ են Հայաստանում առաջին անգամ կատարվել Մոցարտի Ռեքվիեմը և Բախի Սի մինոր Մեսսան:
1936 թվականին ֆիլհարմոնիայի շենքում է տեղի ունեցել մեծն Կոմիտասի հոգեհանգստի արարողությունը:
1966 թվականից դահլիճի աստիճանավանդակը զարդարում է Մարտիրոս Սարյանի հեղինակած «Հայաստան» մեծամասշտաբ վիտրաժը:.

2005 թվականից ֆիլհարմոնիայի դահլիճը կրում է մեծանուն կոմպոզիտոր և դաշնակահար Առնո Բաբաջանյանի անունը: Դահլիճը տեղավորում է 300 հանդիսատես, այն հագեցած է ձայնային և լուսային ժամանակակից սարքավորումներով:
Դահլիճի ճեմասրահում պարբերաբար անց են կացվում տարաբնույթ միջոցառումներ: