Վանսան Ռուայեն բազմակողմանի երաժիշտ է: Լինելով վիրտուոզ ալտահար, ժամանակակից երաժշտության ամենապահանջված մեկնաբաններից մեկը, նա իր ստեղծագործական տաղանդն իրագործում է նաև իմպրովիզացիայի, կոմպոզիցիայի և մանկավարժության բնագավառներում:
Որպես կատարող նրան ամենաշատը հետաքրքրում է հնչյունի անսահման հնարավորությունների բացահայտումը, ինչն էլ նրան բերում է մշտապես նոր կատարողական տեխնիկաների հայտնագործման ու յուրացման, նոր կոմպոզիտորների հետ համագործակցության: Առանցքային է այն հանգամանքը, որ Ռուայեյի համար հնչյունի արտադրման տեխնիկական ասպեկտը ուղղակիորեն կապված է մարդու հոգևոր ճանապարհի ու փնտրտուքների հետ: Այդ իսկ պատճառով էլ նրա նվագացանկում գերակշռում են այնպիսի կոմպոզիտորների ստեղծագործություններ, ովքեր ունեցել են հնչյունակենտրոն պոետիկա, և ովքեր հնչյունի մեջ տեսել են ֆիզիկական վիբրացիայից անդին մի իրականություն, այն է՝ մետաֆիզիկական տարածքը:
Նման կոմպոզիտորներից են Հորաթիու Ռադուլեսկուն, Ջիաչինտո Շելսին, Ժերար Գրիզեն, Լյուք Ֆերարին, Պասկալ Դյուսապանը, Քրիստոֆ Բերտրանը, Ժան-Լյուք Ֆաշամը և շատ այլոք, որոնց մեծ մասի հետ Ռուայեն անձամբ համագործակցել է: Շատ դեպքերում նա ոչ միայն պարզապես կատարել է տվյալ ստեղծագործությունը, այլև դարձել ստեղծագործական պրոցեսի մասնիկը՝ կոմպոզիտորի հետ միասին փորձարկելով հնչյունաարտաբերման տարբեր մոտեցումներ: Ու պատահական չէ, որ իրեն նվիրված են ժամանակակից կոմպոզիտորների բազմաթիվ ստեղծագործություններ:
Իմպրովիզացիայի արվեստը սերտորեն կապված է Ռուաեյի կատարողական գործունեության հետ: Լինելով Քյոլնի հանրահայտ «Gürzenich» նվագախմբի անդամ, նա հիմնել է նաև սեփական անսամբլները, որոնց շեշտը դրված է համատեղ իմպրովիզացիայի վրա: Դրանք են՝ «Quatuor Brac»-ը, «Freedman-Royer» դուետը, որոնց հետ երաժիշտը պարբերաբար ելույթ է ունենում աշխարհի տարբեր բեմերում ու երաժշտական փառատոների շրջանակներում:
Որպես մանկավարժ Ռուայեն գործում է Բելգիայի Լիեժ քաղաքի թագավորական կոնսերվատորիայում, որտեղ դասավանդում է կամերային երաժշտություն:
Ամենամեծ ազդեցությունը Վանսան Ռուայեն կրել է իտալացի Ջիաչինտո Շելսիի և ռումինացի Հորաթիու Ռադուլեսկույի երաժշտությունից ու փիլիսոփայությունից, որոնց ստեղծագործություններն էլ կկազմեն իր հայաստանյան մենահամերգների ծրագրի հենքը:
1988 թվականն էր, երբ երիտասարդ, բայց ժամանակակից երաժշտության տարբեր գեղագիտական հոսանքներում արդեն փորձված Ռուայեն առաջին անգամ առնչվեց Ռադուլեսկույի և Շելսիի ստեղծագործական աշխարհին: Նա մասնակցում էր հանրահայտ դարմշտադտյան ամառային կուրսերին, երբ իմացավ Շելսիի մահվան լուրը: Որպես ինքնաբուխ արձագանք, Ռուայեն մի շարք այլ երաժիշտների հետ համերգ-նվիրում կատարեց գերմանական Վորմս քաղաքի Ս. Պետրոս տաճարում՝ Շելսիի ստեղծագործություններից բաղկացած մի ծավալուն ծրագրով:
Ջիաչինտո Շելսին հայտնի է իր ՝ «մեկ հնչյունի երաժշտություն» եզրույթով: Նա ինքն իրեն բնորոշում էր ոչ թե որպես կոմպոզիտոր, այլ որպես «սուրհանդակ», ով իմպրովիզացիայի պրոցեսի միջոցով ստանում էր ազդակներ մեկ այլ՝ հոգևոր իրականությունից, և հնչյունների միջոցով փոխանցում դրանք: Շելսին ձայնագրում էր իր իմպրովիզացիաները, հետո՝ լսում դրանք, որոշ դեպքերում կատարում մոնտաժ, համադրումներ, և այդ ամենը իր օգնականների կողմից վերածվում էր դասական նոտագրությամբ պարտիտուրների: Արդյունքում ծնվեցին բազմաթիվ ստեղծագործություններ, որոնց սկզբնակետը դա երկար պահված հնչյունն է, այդ հնչյունի ամենաչնչին տատանումների երևակումը, որոնցից էլ ընթացք է ստանում երաժշտական նյութի զարգացումը և կրկին վերադառնում իր ելակետին՝ մեկ պահված հնչյունին: Դժվար չէ գուշակել, որ նման երաժշտական պոետիկան ուղեկցվում էր նաև Շելսիի խորը հետաքրքրությամբ արևելյան փիլիսոփայության, ինչպես նաև հնդկական, ճապոնական, չինական ավանդական երաժշտության հանդեպ:
Ջիաչինտո Շելսին, սերելով հին իտալական դ’Այալա Վալվա կոմսերի տոհմից, անց է կացրել շատ բուռն ու աշխարհիկ վայելքներով լեցուն երիտասարդություն, հանդես գալով հատկապես որպես բանաստեղծ, արվեստի սիրահար ու պարզապես դենդի՝ Հռոմի, Փարիզի, Մոնտե Կարլոյի պարահանդեսներում, ինչպես նաև ընկերություն արել սյուրռեալիստ բանաստեղծների հետ և հրատարակել իր բանաստեղծությունները ֆրանսերեն լեզվով:
1950-ական թվականների վերջից, երբ Շելսին, տարբեր ստեղծագործական և հոգեբանական ճգնաժամեր հաղթահարելով, գտավ իր բուն երաժշտական լեզուն, այն է՝ «մեկ հնչյունի փիլիսոփայությունը», նա աստիճանաբար անցում կատարեց ավելի մեկուսացած կյանքի, և կյանքի վերջին տասնամյակներն անց կացրեց Հռոմի կենտրոնում գտնվող մի բավական փոքր բնակարանում, խուսափելով մարդաշատ հավաքույթներից, երաժշտական մեծ փառատոներից, և փոխարենը իր մոտ հյուրընկալելով իրեն նվիրված երաժիշտ-ընկերների ընտրյալ մի խմբի: Մի օր նրան այցելեցին իր երաժշտությամբ հետաքրքրված երկու երիտասարդ ֆրանսիացի կոմպոզիտոր՝ Ժերար Գրիզեն ու Տրիստան Մյուրայը, ովքեր Շելսիի մեջ ճանաչեցին իրենց համար օրինակելի երաժշտի տիպարը, և այս հանդիպումից ոգեշնչված, էլ ավելի վստահ զարգացրեցին իրենց սեփական կոմպոզիտորական լեզուն, որը քիչ անց պետք է հայտնի դառնար որպես սպեկտրալ երաժշտություն:
Սպեկտրալ երաժշտությունը հատկապես Ֆրանսիայում տարածված մի ուղղություն է, որի հիմքում ընկած է հնչյունի ներքին կառուցվածքի ուսումնասիրությունը, օբերտոնների վերլուծությունը և դրանց լսելի դարձնելը տեմբրային ու հնչյունաարտաբերման տարբեր հնարների միջոցով: Գաղափարական հիմքում ընկած է վերադարձը դեպի Պյութագորասի երաժշտական փիլիսոփայությունը, այն է՝ մեկ հնչյունի մեջ անվերջության որոնումը: Գրիզեյի և Մյուրայի կողքին, սպեկտրալ երաժշտության մի շատ յուրօրինակ ներկայացուցիչ է ծագումով ռումինացի կոմպոզիտոր Հորաթիու Ռադուլեսկուն, ում հետ Վանսան Ռուայեն առիթ է ունեցել անձամբ աշխատել և ում ստեղծագործություններն իր նվագացանկի անբաժան մասն են կազմում:
Ռադուլեսկուն իր հերթին Շելսիին համարում էր իր «հոգևոր հայրը», և պատահական չէ, որ նա, իհարկե այլ երաժշտա-ոճական դրսևորումներով, շարունակում է Շելսիի «մեկ հնչյունի անսահման հնարավորությունների» պոետիկան, իր երաժշտության մեջ լսելի դարձնելով օբերտոնների հարուստ աշխարհը: Ռադուլեսկուն հետևում էր Պյութագորասի փիլիսոփայական ավանդույթին, ուսումնասիրում հնչյունի ֆիզիկական հատկանիշները, հնչյուն և տարածք հարաբերությունը և իհարկե, հնչյունի ներազդեցությունը մարդու վրա:
Նա հնչյունը պատկերացնում էր ոչ թե որպես կետ, այլ որպես անվերջ հոսք, անվանելով դա «հնչյունային պլազմա»: Այդ պլազմատիկ, այսինքն հոսուն վիճակը ունկնդրին փոխանցելու համար Ռադուլեսկուն դիմում էր ամեն հնարավոր հնարագիտության, ոչ միայն գործիքների նոր լարվածքներ օգտագործելով, այլև նոր գործիքներ ստեղծելով: Դրանցից մեկն է «sound icon»-ը՝ հնչյունային սրբապատկերը:
Sound icon-ը ոչ այլ ինչ է, քան ուղղահայաց կերպով կանգնեցված համերգային ռոյալ առանց ստեղիների և փայտի դեկայի: Այն հնչեցնելու համար օգտագործվում են նեյլոնի թելեր և մետաղադրամներ, որոնք սահեցվում են լարերի վրայով: Արդյունքում առաջանում են օբերտոններով հարուստ հնչյունային «ամպեր»: Ռադուլեսկուն այն անվանում էր «icon», քանի որ մի կողմից իր գծապատկերով նմանեցնում էր բյուզանդական սրբապատկերներին, մյուս կողմից դա նրա համար միջոց էր արտահայտել կրոնական բովանդակություն՝ 60-ականների սոցիալիստական Ռումինիայի աթեիստական մթնոլորտում:
Նշումներ հայաստանյան համերգի ծրագրի մասին
Canti del Capricorno-ն (Այծեղջուրի երգեր) 20 համարից բաղկացած շարք է ձայնի և գործիքների համար, որը Ջիաչինտո Շելսին գրել է 1962-1972թթ.-ին՝ ճապոնուհի երգչուհի Միչիկո Հիրայամայի համար և համագործակցությամբ: Այն հեռու է դասական առումով «երգ» պատկերացումից: Բառերի փոխարեն օգտագործվում են վանկարկություններ, տարբեր տիպի հնչյուններ, բացականչություններ: Ձայնը նույնպես դիտարկվում է դասական վոկալի «մշակվածության» սահմաններից դուրս, դրսևորելով դիտավորյալ նմանություն հեռավոր Արևելքի՝ կորեական, սիբիրյան ավանդական երգեցողության հետ:
Շելսիի ստեղծագործությունների վերնագրերը լի են դիցաբանական և ակնարկներով ու սիմվոլներով: Այդպիսին է նաև Մանտո ստեղծագոծությունը, որը կրում է հին հունական Մանտո կանխագուշակի անունը, ով ըստ մեզ հասած ավանդույթի, բնակվում էր Փոքր Ասիայում: Մանտոյի կերպարը ներկայանում է Գյոթեյի «Ֆաուստ»-ում, որտեղ նրան են պատկանում հետևյալ հայտնի խոսքերը՝ «Սիրում եմ նրան, ով Անհնարինն է տենչում»:
Այս ստեղծագործության մեջ Շելսին կարծես թարգմանում է պատգամախոսի խորհրդավոր հաղորդագրությունը հնչյունների լեզվով, որոնք երաժիշտը պետք է միաժամանակ նվագելով և երգելով փոխանցի:
Intimate Rituals IX op. ψ 63 (2003) (Ինտիմ ծեսեր)
1986թ.-ին Վերսալի իր ստուդիայում Հորաթիու Ռադուլեսկուն ձայնագրեց մի զուգանվագ իր կնոջ՝ Պետրա Յունկենի հետ՝ «sound icon»-ով: Հետագայում այս ձայնագրությունը նա բազմիցս օգտագործել է որպես հիմք տարբեր մենանվագ գործիքների համար առանձին կոմպոզիցիաների համար: 17 տարի անց նա ստեղծեց թվով իներորդ Intimate Rituals-ը՝ այս անգամ ալտի համար, նվիրելով այն Վանսան Ռուաեյին: Ռադուլեսկույի խոսքերով, այն պետք է պահպաներ նախնական ձայնագրության սկզբնական մթնոլորտը՝ այն է, հոգևոր ինտիմության զգացողությունը:
Ռադուլեսկույի հաջորդ ստեղծագործությունը՝ Lux Animae-ն, ի սկզբանե գրված էր թավջութակի համար, սակայն հատուկ Ռուաեյի համար նա այն փոխադրել է նաև ալտի համար:
Այս ստեղծագործության մեջ կոմպոզիտորի նպատակն է բոլոր հնարավոր միջոցներով ստանալ ալտի մաքսիմալ հնչեղություն և գունեղության: Գործը բաղկացած է 21 շատ հակիրճ ֆրագմենտներից, որոնք Ռադուլեսկուն անվանում է ՝ հոգու քսանմեկ պատուհաններ՝ ճանապարհ դեպի ենթագիտակցություն, գիտակցություն, վերգիտակցություն:
Շուշան Հյուսնունց
26.07.2023