«Shânti»-ն նվիրված է Կարլհայնց Շտոկհաուզենին: Անգլերենից թարգմանեց Շուշան Հյուսնունցը:
Հոկտեմբեր 11, 2022«Shânti»-ն սանսկրիտյան բառ է, որ նշանակում է խաղաղություն: Դա հատկապես հոգևոր խաղաղությունն է, այն գերագույն խաղաղությունը, որին փորձում են հասնել յոգիները: Բացի այդ, դա անհատի զգացմունքային և հոգեկան խաղաղությունն է: Դա քաղաքական խաղաղություն է, ինչպես նաև խաղաղություն, որը բնակվում է բնության և տիեզերքի ֆիզիկական տարրերի մեջ:
Ինչևէ, ինձ համար ոչ մի հասկացություն չի կարող գոյություն ունենալ առանց իր հակապատկերի, առանց իր հակառակորդ կրկնորդի: Նկատի ունեմ ընդվզումն ու պատերազմը ընդարձակ իմաստով՝ հրաբխի խլացուցիչ պայթյուններից սկսած մինչ ուսանողական բարիկադներ:
Ուստի «Shânti»-ն ինձ համար խաղաղություն է անվերջ հոսքի մեջ (քանի որ առանց անտագոնիզմի և պայքարի աշխարհը պարզապես կավարտվեր): Դա նյութի դիալեկտիկ բնությունն է՝ պայքարով և բռնությամբ զուգակցված: Դա հերակլիտյան իմաստով խաղաղությունն է: Այստեղից է գալիս շարունակական առաջընթացը, անորսալի նպատակի հավերժ որոնումը՝ երբեմն հեռվից շողացող, և շատ հազվադեպ հասանելի՝ հավերժության առկայծումը:
Սխալ կլիներ մտածել, որ «Shânti»-ն կայուն ու շարունակական խաղաղությունն է: Պետք է նայենք հնչյունի մեջ, նրա երկար հաջորդականությանների մեջ: Այս երաժշտության ամբողջ ձև մի դանդաղ և հարատև գարալագիծ է՝ առանց սահմանի…[1]
[…] Երբ սկսեցի աշխատել Քյոլնի ռադիոյի էլեկտրոնային երաժշտության ստուդիայում, մտադրված էի իրականացնել մի հակիրճ, աբստրակտ «էտյուդ», մոտ տաս րոպե տևողությամբ: Դա զգուշավոր պահվածք էր, քանի որ ցավոք, մինչ այդ կյանքումս առիթ չէի ունեցել անռչվելու էլեկտրոնիկայի հետ […]: Առաջին անխուսափելի խարխափանքների փուլն անցնելուց հետո ինձ ամեն օր էլ ավելի լավ էի զգում և փնտրում էի ավելի բարդ հնարներ: Հետո նկատեցի, որ ստեղծածս հնչյունները տարօրինակ ազդեցություն ունեին. ամեն անգամ, երբ երկար որոնման մեջ որոշում էի ձայնագրել ու հնչյունային «նյութի» պաշար կառուցել, ստուդիայի ժամացույցը կարծես խելագարվում էր: Մտածում էի, թե ձայնագրել եմ ընդամենը երեք կամ չորս րոպե, բայց երբ ընդհատում էի, ժամացույցը ցույց էր տալիս՝ տաս րոպե կամ նույնիսկ ավել… Այս երևույթը հայտնագործություն էր ինձ համար: Այն ամենը, ինչ ես բացահայտել էի, ուշադիր լսելով արևելյան երաժշտությունը (ժամանակի առաձգումը ակուստիկ տարրերի ներքին տատանումների շնորհիվ), հիմա բռնկվում ու կրկնապատկվում էր էլեկտրոնային ստուդիայում: Այս բացահայտումը ստիպեց ինձ գլխիվայր շրջել իմ պատկերացումները:
[…] «Shânti»-ն չի պարտադրում աշխարհի այս կամ այն տեսակետը: Հնչյունային զանգվածներից, կամ տեքստային ֆրագմենտներից, որոնք կգտնեք այս գործում, ես չեմ «ընտրում» Շրի Աուրոբինդոյին նրա համար, որպիսզի հակադրեմ օրինակ, Էլդրիջ Քլեվերին կամ Մաո Ցզե-Դունին: Ես նրանց դնում եմ միմյանց և Ձեր ներկայսությամբ, նույն կերպ ինչպես ամենատարբեր հնչյունային ուժերին եմ դնում մեկը մյուսի ներկայությամբ: «Ամեն ինչ կապ ունի իմ հետ»: Ինչպես Մաո Ցզե-Դունն էր ընդգծում հետևյալը՝ «Վայ Չենգը, ով ապրում էր Թան դինաստիայի օրոք, ասում էր՝ «Լսիր բոլոր կողմերին, որոնք քեզ լուսավորում են, բայց լսիր միայն մեկին, որը քեզ դեպի խավարն է մղում»: [2]
«Shânti»-ն նվիրված է Կարլհայնց Շտոկհաուզենին:
Անգլերենից թարգմանեց Շուշան Հյուսնունցը:
[1] Հատված “Shânti” ձայնասկավառակի համար գրված տեքստից, Erato (STU 71205-6), 1978
[2] Հատված The London Music Digest”-ի ծրագրում հրապարակված տեքստից,”Round Bouse”, Լոնդոն, 1975