Image
   
               

Գ.Ի. Գուրջիևն ու Աշուղները

Դեկտեմբեր 10, 2024

Հարցազրույց Գուրջիև անսամբլի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Լևոն Էսկենիանի հետ՝ Զարթի՛ր ձայնասկավառակի շնորհանդեսի առիթով

Հեղինակներ՝ Շուշան Հյուսնունց, Լեոպոլդո Սիանո

Անգլերենից թարգմանեց Ալեքսանդր Չոբանյանը

Ի նընջմանեդ  արքայական
Զարթի՛ր, նազելի իմ, զարթի՛ր...


ՇՀ Զարթիր-ը Գուրջիև անսամբլի երրորդ ձայնասկավառակն է: Բոլոր երեքն էլ լույս են տեսել լեգենդար ECM լեյբլում: Առաջինի (2011) վերնագիրն է պարզապես՝ Գ.Ի. Գուրջիևի երաժշտությունը: Նրանում տեղ են գտել քո կատարած վերամշակումները հայկական և միջին արևելյան երաժշտական գործիքների համար այն մեղեդիների, որոնք ժամանակին Գուրջիևը հավաքագրել էր և ռուս կոմպոզիտոր Թոմաս դե Հարթմանի օգնությամբ փոխադրել դաշնամուրի համար: Երկրորդ ձայնասկավառակը (2015) նվիրված է Կոմիտասին: Քո՝ ժողովրդական գործիքների համար արված մշակումներում Կոմիտասի թափանցիկ, նրբակերտ դաշնամուրային գործերը ներկայանում են ավելի խիտ, լիամարմին հնչողությամբ: Ու հիմա, ձեր երրորդ ալբոմով, վերադառնում եք կրկին Գուրջիևին ու միևնույն ժամանակ ընդլայնում ձեր նվագացանկը, դնելով իր երաժշտությունը ավելի լայն համատեքստում, որում այն երկխոսում է աշուղների՝ Սայաթ Նովայի, Պաղտասար Դպիրի և Ջիվանի հետ: Բայց ինչպե՞ս է ամենինչ սկսվել: Ո՞րն է եղել Գուրջիևի երաժշտությունը կատարելու առաջին ազդակը:

ԼԷ Առաջին անգամ լսեցի Գուրջիևի երաժշտությունը թավջութակահարուհի Անյա Լեխների ձայնագրությամբ, հրատարակված ECM Records լեյբլի կողմից: Շատ վառ կերպով եմ հիշում այն տպավորությունը, որ ունեցանք ես և կինս՝ Լուսինե Գրիգորյանը (ում ծննդավայրն ի դեպ, ինչպես Գուրջիևինը, Գյումրին է), այդ ձայնագրությունը լսելիս: Անմիջապես զգացինք խորը հարազատություն այդ երաժշտության հետ: Այդ ուժեղ կապի մղումով ես ձեռք բերեցի բոլոր հնարավոր ձայնագրությունները, այդ թվում՝ Թոմաս դե Հարտմանի, Քիթ Ջարեթի, Ռոզենթալի, Կրեմսկու, ընդհուպ՝ Գուրջիևի իսկ կատարումները հարմոնիումով և նրա Արևելեյան սյուիտը: Ներշնչված այս ամենով, սկսեցի փոխադրել Գուրջիևի մեղեդիները ավանդական գործիքների համար, զգալով ուժեղ պահանջ էˊլ ավելի խորը հասկանալու նրա երաժշտությունը: Սա հանգեցրեց Գուրջիև անսամբլի հիմնադրմանը՝ նշված փոխադրումները կատարելու նպատակով: Մեր առաջին համերգները Հայաստանում գրավեցին կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ուշադրությունը, ով ներկայացրեց մեր տեսանյութերը Մանֆրեդ Այխերին, ECM Records-ի հիմնադրին: Այսպես ծնվեց մեր առաջին ալբոմը՝ The Music of Georges I. Gurdjieff: Դեռ այն ժամանակ միտք ունեի ապագայում ներգրավել այլ աշուղների երաժշտությունը նույնպես: Գուրջիևի հայրը աշուղ էր, և առհասարակ Գյումրու աշուղական միջավայրը ուժեղ ազդեցություն է թողել իր հետաքրքրությունների ու որոնումների վրա: Ի դեպ, հենց առաջին ալբոմի բուկլետում ներառել եմ Աշուղ Ջիվանու լուսանկարը: Հիմա, Զարթիր-ով վերջապես կարողացանք միավորել Գուրջիևի և աշուղների երաժշտությունը:

ԼՍ Գուրջիևի և դե Հարթմանի դաշնամուրային ստեղծագործությունները հատկապես հայտնի են դարձել այնպիսի երաժիշտների մեկնաբանությունների շնորհիվ, ինչպիսիք են Ալեն Կրեմսկին, Քիթ Ջարեթը և Հերբերտ Հենքը: Դու մի ռիսկային գործ ես խիզախել՝ «վերաթարգմանել» այս երաժշտությունը ավանդական գործիքների համար՝ մոտեցնելով այն սկզբնական վիճակին, որպիսին, ինչպես ասում են, Գուրջիևը լսել և հավաքել է այն: «Բնօրինակին» վերադարձը թերևս ուտոպիա է։ Իհարկե, այստեղ «բանասիրական» խնդիրներով չենք ուզում զբաղբել։ Բայց բնօրինակի այս որոնումը (սա նաև «Ծագման» որոնում է, եթե կարելի է ասել) նաև ներառում է քո սեփական հնչյունային երևակայությունը որպես կոմպոզիտոր: Ի՞նչ ես կարծում, որքանո՞վ է մեծ քո սեփական «ձեռագրի» ազդեցությունը:

ԼԷ Ճիշտ ես նկատել, երաժշտությունն օրիգինալ հնչյուններին մոտեցնելու առումով, այն հնչյուններին, որոնք Գուրջիևը պետք է լսած լիներ իր ճամփորդությունների ընթացքում: Կարևոր է նշել, որ այս ստեղծագործություններից մի քանիսը Գուրջիևին զուգահեռ բանավոր փոխանցվել են նաև այլ մարդկանց միջոցով, իսկ որոշ մեղեդիներ նույնիսկ գրել են նրա ժամանակի այլ կոմպոզիտորներ, օրինակ՝ Կոմիտասը: Այնուամենայնիվ, այս ստեղծագործություններում մենք առաջին հերթին գտնում ենք Գուրջիևի կոմպոզիտորական երևակայությունը և ճշմարտության որոնումները, որոնք նրան տարել են Արևելքից Արևմուտք, և այս ամենը առկա է նրա երաժշտության մեջ: Նրա գործերը վերագործիքավորելու իմ մոտեցումը օբյեկտիվության վարժություն է: Ես ուշադիր ուսումնասիրել եմ այն ​​գործիքների համակցությունը, որ տարբեր ժողովուրդներ ունեցել են կամ ունեն այսօր: Օրինակ՝ հայկական երգեր, հունական հին մեղեդիներ, արաբական ու մերձարևելյան երաժշտությանը նմանվող սայիդներ, քրդական հովվական մեղեդիներ և այլն։ Ազգագրական առումով աուտենտիկ վերամշակումներ ստեղծելու համար հաշվի եմ առնում նաև մարդաբանական մոտեցումը: Ես չեմ ձգտել ստեղծել գեղեցիկ կոմպոզիցիաներ. իմ որոնումները օբյեկտիվությանն էին ուղղված: Այնուամենայնիվ, ճիշտ է նաև, որ այն, ինչ մենք անում ենք, անշուշտ մեր երևակայության հետքն է կրելու:

ԼՍ New York Times-ին տված հարցազրույցում ասացիր, որ Գուրջիևը պլանավորում էր համերգներ տալ՝ օգտագործելով «քառասուն գործիք, որ հավաքել էր իր ճանապարհորդությունների ժամանակ»։ Ի՞նչ կասես դրա մասին։ Կա՞ հստակ տեղեկություն, թե որոնք էին այս գործիքները:

ԼԷ Այո, այդ մասին հայտարարվեց 1923 թվականին Champs-Élysées-ում Գուրջիևի ու Թոմաս դե Հարթմանի համերգներից հետո: Այդ ժամանակ Գուրջիևը վարձել էր նաև մեծ սիմֆոնիկ նվագախումբ՝ նվագելու իր երաժշտության մի մասը, որը գործիքավորել էր դե Հարթմանի հետ միասին։ Ծրագրի մեջ նշվում էր, որ նրա երաժշտությունը կհնչի քառասուն գործիքով, որոնք հավաքել էր իր ճամփորդությունների ընթացքում։ Ցավոք, մենք մանրամասն տեղեկություններ չունենք, թե կոնկրետ որ գործիքներն են եղել դրանք։ Սակայն, ելնելով քանակից և տեսականուց, կարող ենք եզրակացնել, որ դրանք բավականին բազմազան էին։ Գուրջիևի ճանապարհորդությունները նրան տեղափոխել են Հայաստանից մինչև Մերձավոր Արևելք և Ասիա, ուստի, ամենայն հավանականությամբ, նա գործիքներ է հավաքել հենց այդ տարածաշրջաններից:

Մեր անսամբլը ներառում է մոտ տասնվեց գործիք, որոնք օգտագործվում են Հայաստանում, Մերձավոր Արևելքում և Ասիայի որոշ մասերում։ Կարծում եմ, Գուրջիևն ուներ նմանատիպ գործիքներ իր հավաքած քառասունի մեջ: Նրա նվագախմբային կոմպոզիցիաներում ես կարող եմ հասկանալ, թե ինչպես է նա օգտագործում դասական գործիքները` ավանդականներին ընդօրինակելու համար, օրինակ` օգտագործելով կլարնետն ու հոբոյը` դուդուկի, ֆլեյտան` նայի, ալտը` քամանչայի փոխարեն և այլն…

ՇՀ Գուրջիևից Կոմիտաս և հետադարձ դեպի Գուրջիև: Նրանք մեկ ընդհանուր բան ունեն՝ երկուսն էլ ավանդական մեղեդիներ են հավաքել ոչ միայն Հայաստանից, այլ նաև հարևան երկրներից։ Եվ երկուսն էլ դրանք փոխադրել են դաշնամուրի համար։ Բայց մինչ Կոմիտասը ձգտում էր արտահայտել «հայկականությունը» իր ամենաէական և «մաքուր» վիճակում, մենք տեսնում ենք, որ Գուրջիևը չի հրաժարվում արաբականից, պարսկականից, կովկասյանից ամենալայն իմաստով և նույնիսկ հունական տարրերից: Նույն հակասությունը կարող ենք տեսնել նրանց հոգևոր կյանքում։ Մի կողմից Կոմիտասի՝ որպես կուսակրոն քահանայի քրիստոնեական ուղղափառությունը, մյուս կողմից՝ Գուրջիևի միստիկական սինկրետիզմը։ Միաժամանակ գիտենք, որ Գուրջիևին գրավել է Կոմիտասի կերպարը և նույնիսկ մտադիր էր այցելել նրան։ Արդյո՞ք նրանք իսկապես հանդիպել են: Եվ ինչպե՞ս ես տեսնում կապը այս թվացյալ տարբեր աշխարհների միջև:

ԼԷ Թվում է, թե նրանք գալիս են տարբեր աշխարհներից, բայց իրականում ունեն ընդհանրություններ: Ե՛վ Կոմիտասը, և՛ Գուրջիևը նշանակալի ներդրում են ունեցել էթնոերաժշտագիտության մեջ՝ պահպանելով երաժշտական հիշողություն և ստեղծելով դաշնամուրային ստեղծագործություններ՝ հիմնված ավանդական մեղեդիների վրա՝ անգնահատելի պատկերացումներ տալով Հայաստանի, Մերձավոր Արևելքի և նույնիսկ Ասիայի երաժշտական ​​ժառանգության մասին: Արմատավորվելով ավանդույթի մեջ՝ նրանք այս մեղեդիները արտահայտել են նորարարական ձևերով. Կոմիտասի ստեղծագործություններն ընդգծում են հայ երաժշտության մոդալ և ռիթմիկ նրբությունները՝ ստեղծելով եզակի երաժշտական ​​լեզու դասական երաժշտության մեջ, որը բխում է հայկական ռիթմիկ օրինաչափություններից և մոդալ կառուցվածքներից: Գուրջիևի փոխադրումները, մյուս կողմից, ներառում են ոճական բազմազան տարրեր, ինչը հանգեցնում է յուրահատուկ և բազմատարր երաժշտական ​​լեզվի: Կոմիտասի, որպես Վարդապետ, հոգևոր գործերը սերտորեն կապված են Հայ առաքելական եկեղեցու ավանդույթների հետ։ Մյուս կողմից, Գուրջիևի միստիկական սինկրետիզմը բխում էր հոգևոր ուղղությունների բազմազանությունից, ներառյալ արևելյան ուղղափառ քրիստոնեությունը, սուֆիզմը, բուդդիզմը, հինդուիզմը, հնագույն ծեսերը և էզոթերիկ ուսմունքները: Այս էկլեկտիկ ոգեղենությունն արտահայտվում է նրա երաժշտական ​​ազդեցությունների տարատեսակության մեջ։ Իրականում ես պետք է ուսումնասիրեի Կոմիտասի երաժշտությունը և կարդայի նրա հոդվածներն ու ուսումնասիրությունները՝ Գուրջիևի երաժշտությունը գործիքավորելու համար։ Եվ հակառակը՝ Գուրջիևի երաժշտությունը սովորելը և անսամբլի հետ աշխատելը ինձ օգնեցին կատարել Կոմիտասի երաժշտությունը: «Կոմիտաս» ծրագրի մեր պրեմիերայից հետո անսամբլի որոշ երաժիշտներ ասացին. «Պատկերացնու՞մ եք, թե ինչպես կկատարեինք Կոմիտասի երաժշտությունը, եթե մեր առաջին ծրագիրը չլիներ Գուրջիևինը»: Թ. դե Հարթմանից գիտենք, որ Գուրջիևն իրեն ուղարկել է Երևան՝ Կոմիտասի երաժշտությունը ուսումնասիրելու, հասկանալու համար, թե ինչպես են գրված նրա գործերը: Գուրջիևը Ֆրանսիայում էր, երբ Կոմիտասը հոգեբուժարանում էր, և նա կարող էր այցելել Կոմիտասին: Ենթադրում ենք, որ նա այդպես էլ արել է, քանի որ երկուսն էլ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի մտերիմ ընկերներ էին։ Իսահակյանի որդին փաստագրել է իր և հոր այցելությունները Գուրջիևին և Ֆոնտենբլոյում նրա հետ անցկացրած ժամանակը: Սակայն Կոմիտասի և Գուրջիևի միջև հանդիպման կոնկրետ ապացույց չունենք։

ԼՍ Դու հաճախ ես նշում Գուրջիևի հոգևոր ուսմունքների կարևորությունը: Ի՞նչն էր քեզ համար առաջնայինը: Երաժշտության միջոցո՞վ բացահայտեցիր նրա փիլիսոփայությունը, թե՞ հակառակը:

ԼԷ Ես լսել էի Գուրջիևի և նրա ուսմունքների որոշ հետաքրքիր կողմերի մասին, բայց իմ առաջին հանդիպումը երաժշտության միջոցով կայացավ: Այդ նույն ժամանակահատվածում Երևանում սեմինարներ էին կազմակերպվում Նյու Յորքի Գուրջիևյան հիմնադրամի կողմից, այդ թվում՝ Լիլիան Ֆայրսթոունի և աշխարհի տարբեր երկրներում գործող մասնաճյուղային խմբերի անդամների կողմից: Ես հանդիպեցի նրանց և հնարավորություն ունեցա սկսել ուսումնասիրել նրա մեթոդները։

Կարծում եմ՝ որպես մարդիկ, մենք ծնվում ենք բնությանը մոտ, բայց աստիճանաբար ճնշվում ենք ունայնություններով, որոնք ձևավորում են մեր անձնական կյանքը: Ժամանակի ընթացքում մենք դառնում ենք մեխանիկական, և ինքնադիտարկման միջոցով սովորությունները կոտրելը ինքնազարգացման բանալին է: Շատ կարևոր է հիշել, որ մեր միտքը, զգացմունքները և ֆիզիկական կենտրոնները պետք է միասին ներդաշնակորեն աշխատեն: Այս հայեցակարգը հատկապես կարևոր է երաժիշտների համար, քանի որ երաժշտություն ստեղծելը կամ կատարելը պահանջում է նման մոտեցում: Առանց դրա իրական երաժշտություն չի կարող լինել:

Բացի այդ, ցանկացած կոմպոզիտորի ստեղծագործությունները կատարելիս ես ընդգծում եմ նրանց համատեքստը, ժամանակաշրջանը և պատմությունը ուսումնասիրելու կարևորությունը՝ այդ դեպքում ներըմբռնումը կսկսի գործել ավելի խելացի կերպով:

ՇՀ Դու հաճախ ընգծում ես, որ «Գուրջիևի երաժշտությունը կատարել և հասկանալ կարողանալու համար անհրաժեշտ է խորասուզվել նրա աշխարհի մեջ»: Ինչպիսի՞ն է անսամբլի երաժիշտների վերաբերմունքը Գուրջիևի հոգևոր ուսմունքի հանդեպ: Կարծում ես, նրանց համար անհրաժե՞շտ է ուսումնասիրել նրա երաժշտության փիլիսոփայական ետնաբեմը:

ԼԷ Անսամբլի երաժիշտներին ճանաչել եմ որպես հայ ավանդական երաժշտության լավագույն կատարողներ՝ մեր հիմնադրման իսկ օրից: Միշտ ասել եմ, որ մենք՝ դասական երաժիշտներս, շատ բան ունենք սովորելու ժողովրդական երաժիշտներից: Կա մի բան, որ նրանք միշտ կենդանի են պահում, ի տարբերություն դասական գործիքներ նվագողների, մի բան, որ գուցե հենց երաժշտությունն է ինքնին, քանի որ դասական երաժիշտները հաճախ են մոլորվում տեխնիկական հարցերում:

Այս ամենն ասելուց հետո, միևնույն է, պետք է նշեմ, որ մեր անսամբլի երաժիշտների երաժշտական պահվածքը արմատականորեն փոխվել է Գուրջիևի երաժշտությունը ճանաչելուց հետո: Նրա երաժշտության մեջ մի կարևոր տարր կա, դա լռությունն է, որն օգնում է մարդուն կապ հաստատել ինքն իր հետ: Քանի որ մենք երբեմն շատ մեխանիկական ենք դառնում, նրա երաժշտությունը օգնում է հասկանալ, որ այս ամենում մի շատ ավելի խորը էություն կա: Այն մեզ մոտեցնում է էութենականին, ու առհասարակ հարցին՝ ի՞նչ է երաժշտությունը: Վերջին տարիներին մենք այցելել ենք մոտ երեսուն երկիր, կատարելով Գուրջիևի երաժշտությունը, և շատ վայրերում երաժիշտները հանդիպել են գուրջիևյան ուսմունքի խմբերի, օրեր շարունակ աշխատել միասին, և այս ամենը էˊլ ավելի է խորացրել նրանց հայացքը դեպի Գուրջիևի երաժշական աշխարհը: Անսամբլի երաժիշտները հասկանում են նրա էությունը նաև այլ ավանդույթների և ծեսերի հետ շփման շնորհիվ, որոնցից շատերը հարազատ են Գուրջիևի ճանապարհորդական փորձառություններին:

ԼՍ Գուրջիևի երաժշտության մեջ հաճախ է լսվում թեթև մելանխոլիա, որն ամենից շատ տիպական է Միջին Արևելքի մեղեդիներին: Նա, հիմնականում, հոռետեսական Weltanschauung-ի (աշխարհընկալման) տեր մարդ էր: Հաճախ էր ասում՝ ապրել նշանակում է ուտել և լինել կերված: Նա գիտակցում էր, որ տիեզերական կյանքը դա ոչ այլ ինչ է, քան անդադար զոհաբերության ծես: Բայց միևնույն ժամանակ նա ճանաչեց, Շոպենհաուերի պես, որ երաժշտության իմաստը ոչ միայն մարդուն մխիթարելն է, այլև գիտակցության մի բարձր ճանապարհ է՝ մետաֆիզիկական առումով: Իր տիեզերաբանության մեջ Գուրջիևն օգտագործում է երաժշտական փոխաբերություններ: Ամենահայտնին դա «Օկտավայի Օրենքն» է, արմատականապես պյութագորասյան մի գաղափար: Այն է՝ հնչյունների կարգն արտացոլում է տիեզերական կարգը: Ի՞նչ ես կարծում այս ամենի մասին:

ԼԷ Այո, երաժշտությունը Գուրջիևի համար խորապես կախված էր իր ուսմունքների և տիեզերաբանական գաղափարների հետ: Բայց նա եկել է այս մտքին, ուսումնասիրելով հնագույն ծեսերը: Մենք հստակորեն կարող ենք տեսնել, որ արխայիկ ժամանակաշրջանում արվեստը, երաժշտությունը ու պարը լոկ մխիթարանքի կամ այսպես կոչված ժամանցի չէին ծառայում: Գուրջիևի հիմնային գաղափարներից մեկը օկտավայի օրենքն է, արմատացված պյութագորասյան փիլիսոփայությունում: Այս օրենքը թելադրում է, որ ցանկացած ընթացք, ներառյալ երաժշտությունը, ենթարկվի որոշակի ընդունված օրինակների, ինչպիսին է երաժշտական ձայնաշարն իր ինտերվալներով, որոնցում տեղի են ունենում փոփոխություններ կամ շեղումներ: Ըստ Գուրջիևի, այս ինտերվալները ներակայացնում են այն պահերը, երբ արտաքին ազդեղությունը կարող է փոխել ընթացքը, այնպես ինչպես հնչյունային բարձրությունն է փոխում երաժշտության ընթացքը: Այս կոնցեպտը արտացոլում է տիեզերական օրինաչափությունները, որոնցում կառուցվածքն ու հնչյունների հերթականությունը տիեզերական շարժման անալոգն են: Նման զուգահեռներ կարելի է գտնել նաև հնագույն պարերում, օրինակ ես կարող եմ նշել հայկական ավանդական պարերը: Գուրջիևի երաժշությունն ու փիլիսոփայական ուսմունքը խորապես ներկապակցված են, օգտագործելով երաժշտական կառուցվածքներն ու փոխաբերությունները բնության և տիեզերքի էությունը փոխանցելու համար:

ԼՍ Ալբոմի ութերորդ գործը կոչվում է Երեսուն շարժում, և հստակ ակնարկ է Գուրջիևի շարժողական ու մարմնական պրակտիկաներին, որոնք նա մշակել էի իր աշախկերտների համար, ինչպես նաև նրա Սրբազան պարերին: Այս պարերը, որոնք նա սովորել էր սուֆիների ու դերվիշների մոտ, միտված էին հավասարակշռության բերելու մարմինը, միտքն ու զգացողությունը: Կան նաև պարեր, որոնք պահանջում են ուշադրության ուժգին կենտրոնացում, քանի որ մարմնի տարբեր մասեր պետք է շարժվեն մեկը մյուսից անկախ, ինչպես բազմաձայն երաժշտության մեջ: Երբևէ իրականացրե՞լ եք կատարումներ, որոնք կներառեին Գուրջիևի պարերը: Ու եթե ոչ, կարո՞ղ ես պատկերացնել դա ապագայում:

ԼԷ Կարծում եմ, բացի սուֆիների ու դերվիշների պարերից, Գուրջիևը շատ բանիմաց կերպով նաև տարրեր է օգտագործել տարբեր ժողովորուրդների ավանդական պարերից ու հնագույն շարժումներից: Օրինակ, կարելի է տեսնել ժեստեր հին եգիպտական պատկերումներից կամ ուրարտական քանդակներից: Պատմականորեն պարը միշտ եղել է ծեսի անբաժան մասը, ի տարբերություն այսօրվա ընկալումների, ըստ որոնց պարը հաճախ որպես լոկ ժամանց է դիտարկվում: Գուրջիևի մշակած շարժումները շատ մեծ ջանք են պահանջում, քանի որ տարբերվում են մեր ամենօրյա շարժումներից, կոտրելով սովորություններմ ու մեխանիկական շարժման ձևերը: Շարժում նախատեսող մի քանի գործ ընդգրկված է Զարթիր ալբոմում:Մեր անսամբլի հիմնադրման իսկ օրվանից նպատակ ունեինք այս գործերը ձայնագրել: Համերգային շրջագայությունների ժամանակ, անսամբլի երաժիշտները բազմիցս հանդիպել են տարբեր երկրներում գործող գուրջիևյան դպրոցներին ու խմբերին, նվագելով վերջիններիս շարժողական-պարային վարժանքների ժամանակ: Այս փորձառության շնորհիվ երաժիշտները պատկերացում կազմեցին երաժշտությանը զուգակցվող շարժումների մասին՝ դեռ մինչև այն ձայնագրելը: Ճիշտ կատարման դեպքում շարժման ու երաժշտության միացումը հանրային ելույթի տեսքով կարող է իմաստ ունենալ: Ապագայում հնարավոր են նման ելույթներ, այնպես ինչպես Գուրջիևն էր կատարում 1920-ականներին Ֆրանսիայում և ԱՄՆ-ում: Նրա կատարումները իրենց հետքն են թողել նաև ժամանակակից պարագրության վրա:

ՇՀ Ի տարբերություն Ֆրանսիայի, Իտալիայի և արևմտյան որոշ այլ երկրների, Գուրջիևի փիլիսոփայությունը կարծես այդքան էլ հայտնի չէ իր հայրենի Հայաստանում: Գիտե՞ս Հայաստանում Գուրջիևի որևէ դպրոցներ կամ ընթերցանության խմբեր, որոնք զբաղվում են նրա գաղափարերով։

ԼԷ Հետաքրքիր է, որ վերջերս Գուրջիևի նկատմամբ հետաքրքրությունը Հայաստանում աճում է: Նրա գրքերից մի քանիսը թարգմանվել են հայերեն, հավանաբար մեր ձայնագրություններն էլ են օգնել ծանոթացնել մարդկանց նրա գաղափարներին։ Կան նաև խմբեր, որոնք ուսումնասիրում են նրա մեթոդները. մի դպրոց, որը ես գիտեմ, ստեղծվել է 2007 թվականին Լիլիան Ֆայերսթոունի կողմից և գործում է Նյու Յորքի Գուրջիևի հիմնադրամի ներքո:

ՇՀ Այս ձայնասկավառակով անսամբլն ընդլայնում է իր նվագացանկը՝ Գուրջիևի երաժշտությունից բացի, հայ աշուղների չորս այլ ստեղծագործություններ կատարելով։ Մի գործ Պաղտասար Դպիրից (1683-1768), մյուսը Աշուղ Ջիվանիից (1846-1909 թթ.), ևս երկու ստեղծագործություն Սայաթ-Նովայից (1712-1795)։ Այս գործերը բացառություն են ձեր անսամբլի ողջ նվագացանկում, քանի որ դրանցում առկա է երգեցողությունը, այսինքն՝ մարդկային ձայնը։ Բացի այդ, դրանք «փոխադրություններ» չեն, քանի որ դարերի ընթացքում ստեղծվել և կատարվել են քիչ թե շատ նման գործիքավորմամբ՝ մենակատար, թառ, դափ, բլուլ և այլ ավանդական գործիքներով։ Այնուամենայնիվ, այս ձայնագրության մեջ աշուղական հայտնի ստեղծագործությունները առանձնահատուկ, նույնիսկ «գուրջիեվյան» աուրա են ստացել։ Արդյո՞ք նրանց հարազատությունը ընդգծելու համար որոշեցիք աշուղների երաժշտությունը համադրել Գուրջիևի երաժշտության հետ:

ԼԷ Գուրջիևի հայրը աշուղ էր, և Գուրջիևը պատմում էր Գյումրիում լսած աշուղական երգերի խորը ազդեցության մասին: Արդյունքում նրա երաժշտության վրա անժխտելիորեն ազդել է աշուղների ավանդույթը: Աշուղական երգերի մեր կատարումներում մենք նպատակ ենք ունեցել վերստեղծել մի միջավայր, որն արտացոլում է նրանց ավանդական գործիքավորման հնչողությունը: 20-րդ դարի սկզբի ձայնագրությունները, համույթային կազմավորումների լուսանկարները և բանավոր փոխանցման ավանդույթները արժեքավոր պատկերացումներ տվեցին մեզ: Սակայն Պաղտասար Դպիրի Զարթիր երգի իմ մշակումն ու գործիքավորումը սեփական երևակայությանս արդյունքն են՝ ելնելով մի մեղեդիից, որի միայն վոկալ մասը գոյություն ունի։ Չնայած դրան, կատարման և մեկնաբանության նմանությունը Գուրջիևի գործերի հնչողությանը կարող է առաջանալ այս տեսակի երաժշտության իմ ըմբռնումից և ընկալումից:

ԼՍ Ձայնասկավառակի վերջին գործը՝ Մեծ Աղոթքը, ներառում է նաև երգչախումբ: Ի՞նչ կասես այս գործի փոխակերպող ուժի մասին:

ԼԷ Մեծ Աղոթքը ստեղծվել է Գուրջիևի պարերից մեկի համար: Համաձայն 1924թ-ի համերգային ծրագրի նշումների, նրա ակունքները տանում են դեպի Կաշգար վանքը:Գտնվելով Չինաստանի և Աֆղանստանի, Տաջիկստանի և Կիրգիզստանի սահմանների մոտ, լինելով Արևմուտքն ու Արևելքը կապող Մետաքսե Ճանապարհի կարևոր կայաններից մեկը, Կաշգարը մեծ կարևորություն է ունեցել հին չինական և հնդակական, ինպես նաև քրիստոնեական և իսլամական քաղաքակրթությունների համար: Երբ գործիքավորում էի Մեծ Աղոթքը, հիմնվում էի Թ.Դե Հարթմանի նվագախմբային տարբերակների վրա, պատկերացնելով «կրոնական և մշակութային պրակտիկաների բազմազանության հնչողություններ»: Այստեղ մեկտեղվում են ՕՄ մանթրայի վանկարկումն ու բուդդիստական արարողակարգին պատկանող ցիմբալները, մուսուլմանական աղոթքի կանչը արձագանքող քամանչան: Կարծում եմ, Մեծ Աղոթքը շատ ավելին է քան զուտ «կոմպոզիցիա»: Այն ամենախորը և կերպափողող գործերից է, որ հանդիպել եմ Գուրջիևի արվեստում, և այս մշակմամբ փորձել եմ կիսվել իմ ընկալումով:

ԼՍ Ձայնասկավառակի շապիկի պատկերն ունի շատ մեծ երևակայական ուժ: Այն ֆրագմենտ է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից: Ինչու՞ ընտրեցիք հենց այս պատկերը:

ԼԷ ECM-ի արտադրության շապիկները հիմնականում ընտրում է նրա հիմնադիրը՝ Մանֆրեդ Այխերը: Իմ առաջարկով նա որոշեց օգտագործել այս պատկերը. դա հիանալի ընտրություն էր մի քանի պատճառներով՝ ոգեշնչող կերպար է, որը հիշեցնում է Սայաթ Նովային ֆիլմում և փոխանցում է նաև Գուրջիևի երաժշտության և ընդհանրապես աշուղների էությունը:

ԼՍ Գուրջիևն ու Փարաջանովը երկուսն էլ որոշակի առումով չարաճճի կամ խորամանկ կերպարներ էին։ Երկուսն էլ լինելով հայ մշակույթի գլխավոր ներկայացուցիչներ, այնումանեայնիվ, քիչ ժամանակ են անցկացրել հայրենի երկրում: Դու տեսնու՞մ ես որևէ նմանություն նրանց միջև։

ԼԷ Գ.Ի. Գուրջիևն ու Սերգեյ Փարաջանովն իսկապես ինտրիգային դեմքեր են հայկական մշակույթի մեջ: Ե՛վ Գուրջիևը, և՛ Փարաջանովը նորարար էին և ունեին ոչ կոմֆորմիստական​​մոտեցումներ, երկուսն էլ իրենց ստեղծագործություններում ունեն միստիկ, էզոթերիկ տարրեր։ Գուրջիևի փիլիսոփայությունը պտտվում է ինքնադիտարկման և ներքին աշխատանքի միջոցով գիտակցության ավելի բարձր մակարդակ հասնելու գաղափարի շուրջ: Փարաջանովի ֆիլմերը տոգորված են սիմվոլիզմով և միստիկ տարրերով, որոնք հաճախ կապված են հոգևորության, դիցաբանության և տրանսցենդենտալիզմի հետ: Փարաջանովի վիզուալ պատումը հաճախ առաջացնում է առեղծվածային և այլաշխարհիկ զգացողություն: Գուրջիևն իր ուսմունքների մեջ ներառել է տարբեր հոգևոր ավանդույթներ, ներառյալ սուֆիզմը, քրիստոնեությունը, բուդդիզմը և այլն: Նրա ստեղծագործությունները գերազանցում են մշակութային և կրոնական սահմանները: Փարաջանովի ֆիլմերում հաճախ միախառնվում են տարբեր ավանդույթների մշակութային մոտիվներ: Նրանք երկուսն էլ կիսում են սովորականի դեմ ապստամբության ոգին և իրենց ստեղծագործությունների մեջ տարբեր մշակութային տարրեր սինթեզելու, իրենց երևակայությունը ձևավորելու խորը կարողությունը: Երկուսի աշխատանքն էլ ընդհանրապես ողջ մարդկության համար է։

ՇՀ Ալբոմը վերնագրող ստեղծագործությունը երաժիշտ, փիլիսոփա և գիտնական Պաղտասար Դպիրի Զարթիր տաղն է։ Տաղի տեքստը բավականին խորհրդավոր է. այն սկսվում է «Ի նընջմանեդ արքայական զարթի՛ր, նազելի իմ, զարթի՛ր…» տողով։ Բայց ո՞ւմ է ուղղված։ Արդյո՞ք դա ողբ է սիրելիի մահվան համար: Թե՞ աղաչանք է սիրելի կնոջն ընդունել իր սերը: Մենք գիտենք, որ Գուրջիևի հոգևոր ուսմունքի առանցքն արթնացումն է: Նա պնդում է, որ մարդիկ սովորաբար քնած են, նույնիսկ երբ կարծում են, որ արթուն են։ Նրա վերջին գրքի վերնագիրն է՝ «Կյանքն իրական է միայն այն ժամանակ, երբ «ես եմ»: Ի՞նչ է քեզ համար նշանակում այս «արքայական նինջը»:

ԼԷ «Արքայական նինջը» Զարթիր տաղում կարելի է հասկանալ որպես բազմակողմ փոխաբերություն։ Անձնական մակարդակում այն ​​կարող է վերաբերել սիրո և կորստի թեմաներին, մինչդեռ փիլիսոփայական և հոգևոր մակարդակներում այն ​​խորապես արձագանքում է արթնացման մասին Գուրջիևի ուսմունքներին: Այն կոչ է անում վերափոխվել անգիտակից վիճակից դեպի ուժգնացված գիտակցություն և ներկայություն՝ հորդորելով և՛ անհատներին, և՛ համայնքներին ճանաչել իրենց կարողությունները, պատասխանատվությունն իրենց «ես»-ի և ինքնազարգացման նկատմամբ և ընկալել իրենց դերը գոյության ողջ շղթայում, կենտրոնանալ ինքդ քեզ ամենուր հիշելու վրա, հիշելու այն, որ պետք է կոտրել սովորությունները, արթնանալ մեխանիկական ապրելակերպից, գործելակերպից։ Մարդ կարող է օգնել ինքն իրեն հիշել ինքնադիտարկման միջոցով: Թեև դա դժվար է, Զարթիր-ի նման ստեղծագործությունները կարող են լինել այն ազդակներից մեկը, որոնք մեզ հիշեցնում են:

ԼՍ Ավանդական երաժշտություն նվագելուց բացի, Գուրջիև անսամբլը նաև պատվիրել է մի քանի կոմպոզիտորների ստեղծագործություններ գրել, ինչպես, օրինակ, սիրիացի կոմպոզիտոր Կինան Ազմեին կամ Հայաստանի այսօրվա առաջատար կոմպոզիտորներից մեկին՝ Տիգրան Մանսուրյանին: Հնարավո՞ր է, որ առաջիկայում ավելի շատ ստեղծագործություններ պատվիրեք ժամանակակից կոմպոզիտորներին։ Իսկ ինչպիսի՞ հնարավորություններ եք տեսնում նման համագործակցություններ ունենալու համար։

ԼԷ Դա հատուկ նախագիծ էր՝ համագործակցություն Morgenland Festival-ի, Elbphilharmonie-ի, Boulez Hall-ի և Holland Festival-ի միջև: Մեր նախաձեռնությամբ այս փառատոներն ու դահլիճները պատվիրեցին հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի և սիրիացի կոմպոզիտոր Իսամ Ռաֆեայի ստեղծագործությունները Գուրջիև անսամբլի և Hewar անսամբլի համար միասին հանդես գալու՝ օգտագործելով մեր անսամբլի նվագած բոլոր ավանդական գործիքները, գումարած ձայնը, կլարնետը, ալտը և թավջութակը: Այս միաձուլման արդյունքում ստացվեց հնչյունների հետաքրքիր համադրություն: Ապագայում ես կանխատեսում եմ շարունակական համագործակցություն Գուրջիև անսամբլի և տարբեր երգչախմբերի, դասական նվագախմբերի և այլ գործիքային խմբերի միջև: Սպասվում է նոր գործերի ստեղծում, նոր հնչողությունների բացահայտում: Այնուամենայնիվ, ամեն ինչում, որ անում ենք, մենք պահպանում ենք Գուրջիևի գեղագիտությունը։ Նա ձգտում էր կամրջել Արևելքի ներքին հոգևոր պրակտիկաների և Արևմուտքի ռացիոնալ գիտելիքների միջև եղած անջրպետը: Նրա գաղափարներին վերագրվում է մի աֆորիզմ. «Վերցրու Արևելքի ընկալումը և Արևմուտքի գիտելիքը, և հետո փնտրիր»: Դա այն է, ինչ մենք փորձում ենք անել:

Խմբագրական նշումներ
Ալբոմը հասանելի է հետևյալ հղումով՝ https://ecmrecords.com/product/zartir-the-gurdjieff-ensemble-levon-eskenian/

Տարածել հետևյալ հարթակներում