Image
   
               

«Shânti»-ն նվիրված է Կարլհայնց Շտոկհաուզենին: Անգլերենից թարգմանեց Շուշան Հյուսնունցը:

Ժան-Կլոդ Էլուա | «Shânti»-ի մասին

Հոկտեմբեր 11, 2022

«Shânti»-ն սանսկրիտյան բառ է, որ նշանակում է խաղաղություն: Դա հատկապես հոգևոր  խաղաղությունն է, այն գերագույն խաղաղությունը, որին փորձում են հասնել յոգիները: Բացի այդ, դա անհատի զգացմունքային և հոգեկան խաղաղությունն է: Դա քաղաքական  խաղաղություն է, ինչպես նաև խաղաղություն, որը բնակվում է բնության և տիեզերքի ֆիզիկական տարրերի մեջ: 

Ինչևէ, ինձ համար ոչ մի հասկացություն չի կարող գոյություն ունենալ առանց իր  հակապատկերի, առանց իր հակառակորդ կրկնորդի: Նկատի ունեմ ընդվզումն ու պատերազմը ընդարձակ իմաստով՝ հրաբխի խլացուցիչ պայթյուններից սկսած մինչ  ուսանողական բարիկադներ: 

Ուստի «Shânti»-ն ինձ համար խաղաղություն է անվերջ հոսքի մեջ (քանի որ առանց  անտագոնիզմի և պայքարի աշխարհը պարզապես կավարտվեր): Դա նյութի դիալեկտիկ բնությունն է՝ պայքարով և բռնությամբ զուգակցված: Դա հերակլիտյան իմաստով  խաղաղությունն է: Այստեղից է գալիս շարունակական առաջընթացը, անորսալի նպատակի  հավերժ որոնումը՝ երբեմն հեռվից շողացող, և շատ հազվադեպ հասանելի՝ հավերժության  առկայծումը: 

Սխալ կլիներ մտածել, որ «Shânti»-ն կայուն ու շարունակական խաղաղությունն է: Պետք է նայենք հնչյունի մեջ, նրա երկար հաջորդականությանների մեջ: Այս երաժշտության ամբողջ  ձև մի դանդաղ և հարատև գարալագիծ է՝ առանց սահմանի…[1]

[…] Երբ սկսեցի աշխատել Քյոլնի ռադիոյի էլեկտրոնային երաժշտության ստուդիայում,  մտադրված էի իրականացնել մի հակիրճ, աբստրակտ «էտյուդ», մոտ տաս րոպե  տևողությամբ: Դա զգուշավոր պահվածք էր, քանի որ ցավոք, մինչ այդ կյանքումս առիթ չէի  ունեցել անռչվելու էլեկտրոնիկայի հետ […]: Առաջին անխուսափելի խարխափանքների փուլն  անցնելուց հետո ինձ ամեն օր էլ ավելի լավ էի զգում և փնտրում էի ավելի բարդ հնարներ: Հետո նկատեցի, որ ստեղծածս հնչյունները տարօրինակ ազդեցություն ունեին. ամեն անգամ,  երբ երկար որոնման մեջ որոշում էի ձայնագրել ու հնչյունային «նյութի» պաշար կառուցել,  ստուդիայի ժամացույցը կարծես խելագարվում էր: Մտածում էի, թե ձայնագրել եմ ընդամենը երեք կամ չորս րոպե, բայց երբ ընդհատում էի, ժամացույցը ցույց էր տալիս՝ տաս րոպե կամ նույնիսկ ավել… Այս երևույթը հայտնագործություն էր ինձ համար: Այն ամենը, ինչ ես բացահայտել էի, ուշադիր լսելով արևելյան երաժշտությունը (ժամանակի առաձգումը ակուստիկ տարրերի ներքին տատանումների շնորհիվ), հիմա բռնկվում ու կրկնապատկվում էր էլեկտրոնային ստուդիայում: Այս բացահայտումը ստիպեց ինձ գլխիվայր շրջել իմ պատկերացումները:

 

[…] «Shânti»-ն չի պարտադրում աշխարհի այս կամ այն տեսակետը: Հնչյունային  զանգվածներից, կամ տեքստային ֆրագմենտներից, որոնք կգտնեք այս գործում, ես չեմ «ընտրում» Շրի Աուրոբինդոյին նրա համար, որպիսզի հակադրեմ օրինակ, Էլդրիջ Քլեվերին  կամ Մաո Ցզե-Դունին: Ես նրանց դնում եմ միմյանց և Ձեր ներկայսությամբ, նույն կերպ  ինչպես ամենատարբեր հնչյունային ուժերին եմ դնում մեկը մյուսի ներկայությամբ: «Ամեն ինչ կապ ունի իմ հետ»: Ինչպես Մաո Ցզե-Դունն էր ընդգծում հետևյալը՝ «Վայ Չենգը, ով  ապրում էր Թան դինաստիայի օրոք, ասում էր՝ «Լսիր բոլոր կողմերին, որոնք քեզ լուսավորում են,  բայց լսիր միայն մեկին, որը քեզ դեպի խավարն է մղում»: [2] 

«Shânti»-ն նվիրված է Կարլհայնց Շտոկհաուզենին:

Անգլերենից թարգմանեց Շուշան Հյուսնունցը:

 

[1] Հատված “Shânti”  ձայնասկավառակի համար գրված տեքստից, Erato (STU 71205-6), 1978

[2] Հատված The London Music Digest”-ի ծրագրում հրապարակված տեքստից,”Round Bouse”, Լոնդոն, 1975

Տարածել հետևյալ հարթակներում